ECONOMY.AM-ի բացառիկ հարցազրույցը Գրանդ հոլդինգի տնօրեն, անվանի գործարար Հրանտ Վարդանյանյանի հետ.
- Պարոն Վարդանյան, Դուք միշտ եղել եք հայրենական արտադրության ջատագովը: Ինչպիսի՞ն է այսօր հայրենական արտադրության վիճակը, գնահատվու՞մ է արդյոք հայրենական արտադրողը:
- Այո, ես այսօր էլ համոզված եմ, որ հայրենական արտարությունն է մեր տնտեսության հիմքը: Տնտեսությունը կարող է զարգանալ միայն հայրենական արտադրության զարգացման շնորհիվ: Տեսեք, թե ինչպիսին է մեր արտաքին առեւտրի հաշվեկշիռը. ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանմանը: Արտահանման մեծ մասն էլ հանքահումքային պաշարներն են: Այս վիճակը պայմանավորված է նրանով, որ մենք ժամանակին անհրաժեշտ ուշադրության չենք արժանացրել հայրենական արտադրությանը: Չենք իրականացրել հայրենական արտադրության զարգացման համալիր ծրագրեր: Երբ մեր երկիրը անդամակցում էր Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանը, ես դեմ արտահայտվեցի դրան: Ես համոզված էի, որ այդ պայմաններով անդամակցելը, կվնասի մեր տնտեսությանը: Սակայն այն ժամանակ իմ նախազգուշացումները հաշվի չառնվեցին: Այսօրվա արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը նաեւ այդ քայլի հետեւանքն է: Միշտ, տնտեսական ոլորտի օրենսդրությունը մշակելիս եւ կառավարության որոշումներ ընդունելիս, պետք է առաջին հերթին հաշվի առնել հայրենական արտադրության շահերը: Սակայն այսօր, ցավոք, ոչ միշտ են հաշվի առնվում այդ շահերը: Երբ խոսում ենք գործազրկության եւ արտագաղթի մասին, պետք է հիշենք, որ աշխատատեղեր ստեղծողն, առաջին հերթին, հայրենական արտադրողն է: Իսկ արտագաղթի դեմն առնելու ամենաարդյունավետ միջոցը հենց աշխատատեղերի ստեղծումն է:
-Հաճախ տնտեսության այս կամ այն ճյուղը հռչակվում է գերակա, սակայն արդյունքներն այնքան էլ ակնառու չեն:
- Ողջունելի է, երբ ինչ որ ճյուղեր հռչակվում են գերակա: Լավ կլիներ, որ Հայաստանում մեծ թափով զարգանար տուրիզմը կամ տեղեկատվական տեխնոլոգիաները: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ ճյուղերը մեր տնտեսության մեջ դեռ էական դերակատարություն չունեն: Դրա փոխարեն արժե մտածել արդյունաբերության այն ճյուղերի մասին, որոնք վերջին 20 տարում արդեն կայացել են: Համոզված եմ, որ այդ ճյուղերում կա մեծ ներուժ ոչ միայն ներքին շուկայում ծավալման, այլեւ արտահանման առումով: Այդ ճյուղերի ձեռնարկություններին պետք է խթանել, առանց սարսափելու տարբեր ԱՀԿ-ներից: Մեր տնտեսության մասին օտարը չի մտահոգվելու, ոչ էլ ԱՀԿ-ի չինովնիկները: Մենք պետք է հովանավորենք եւ զարգացման հնարավորություն տանք մեր ձեռնարկություններին:
- Դուք լավատե՞ս եք մեր տնտեսության ապագայի հարցում:
- Ես իհարկե լավատես եմ: Կարծում եմ, որ տնտեսական դժվարությունները կհաղթահարվեն: Այլ հարց է, թե ինչ արագությամբ կհաղթահարվեն: Իսկ արագությունը կախված է մի շարք եթեներից: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը ունի մեծ ներուժ եւ ունակ է ստեղծել զարգացած տնտեսություն, որի արդյունքում Հայաստանն իր արժանի տեղը կգրավի միջազգային տնտեսական համակարգում: Սակայն այդ ամենը հնարավոր է ճիշտ տնտեսական քաղաքականության դեպքում: Եթե մեր երկրում, իրապես աշխատող մեխանիզմներով, պաշտպանվեն հայրենական արտադրողի շահերը, խրախուսվի արտահանումը, արդյունավետ հիմքերի վրա դրվեն պետություն գործարար աշխարհ հարաբերությունները, ապա հեռու չէ այն օրը, երբ զարգացած տնտեսությունը կդառնա իրականություն:
Զրույցը` Գոհար Փիլթոյանի
ECONOMY.AM


